« Կույրերի կարծիքը «Խոսող ձուկը»

 

Խոսող ձուկը

Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս մարդը կույր է լինում: Նա գնում է դառնում մի ձկնորսի

շալակատար։  Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ բռնում է էն սիրուն ձկանն ու միտք անում.

— Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.

— Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։

Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…

Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։

Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։

— Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

— Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

— Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…- տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ փիղ։

— Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։

«Լսի՛, բարեկամ,- ասում ՛է Հրեշը։ — Թե հարցերիս

պատասխանեցիր՝ փիղը ձեզ լինի, թե չէ՝ դու ու կինդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։

— Համաձայն եմ,- ասում է շալակատարը։

— Դե ինչ սկսեցինք՝ որտեղի՞ց ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն արծիվը ճուտ է եղել։

— Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։

— Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն նապաստակը ձագ է։

— Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։

— Ուրեմն մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն խուլ է։

— Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է՝ փիղը թողնելով շալակատարին:

Շալակատարն ուրախանում է, աշխարհքովը մին են լինում։ Չի հասկանում թե որտեղից այդ պահին իր մոտ հայտնվեց իմաստություն ու կարողացավ ճարպկորեն պատասխանել բոլոր հարցերին: Հենց այդ ժամանակ էլ փիղը լեզու առավ ու ասեց.

— Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Քեզ օգնեց հենց այն ձուկը, որին դու փրկեցիր:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն